Ամսագիր Մայիս 2013 Տարբեր նշաններ

26 Ապրիլ 2013, 14:34
151 |

Տարբեր նշաններ

Տարեցտարի աշխարհում ավելի շատ քաղաքներ են սկսում մտածել սեփական բրենդի մասին: Դրա կարևորագույն մասնիկներից մեկը տուրիստական տարբերանշանն է: Շուտով այդպիսին կունենա նաև Երևանը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանում Popok գովազդի միջազգային փառատոնը բացվեց «Մեծ քաղաքների գովազդ» կլոր սեղանով: Դրա ընթացքում քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը քաղաքապետարանը բաց ստեղծագործական մրցույթ կհայտարարի` «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» թեմայով: Այդ ընթացքում ներկայացված հայտերը կքննարկվեն մինչև մարտի 15-ը, և կընտրվի Երևանի հետագա զարգացման և որպես տուրիստական կենտրոն ներկայացնելու լավագույն տարբերակը:
Գուցե հայտերի պակասությունից էր, իսկ գուցե նաև այլ պատճառ կար, համենայն դեպս, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 1-ը, տեղափոխվեց մարտի 15, հետո՝ մարտի 25, իսկ հանձնաժողովի կողմից հայտերի քննարկման և վերջնական որոշման ժամկետ՝ մայիսի 10-ը:
Հատուկ նշվում էր, որ մրցույթի կարևորագույն նպատակներից մեկը հասարակության մասնակցությունն է քաղաքի տարբերանշանի ստեղծման գործընթացում: Աշխատանքները պետք է լինեին ինքնատիպ և նորարար, ինչպես նաև պարզ ու գրավիչ «ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ սփյուռքի և օտարերկրացիների համար»: Մրցույթի հաղթողներին խոստացվեցին Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրեր և խրախուսական մրցանակներ, ինչպես նաև տարբերանշանի տեղայնացման աշխատանքների իրականացման հնարավորություն Երևանում` վճարովի հիմունքներով:

«Թխած» լոգո
Սահմանված ժամկետում մրցույթին ներկայացվեց 66 աշխատանք: Սակայն այդ աշխատանքներից շատերը դեռ քվեարկությունից առաջ արդեն հասցրել էին Ֆեյսբուքի շնորհիվ լայն քննարկման առարկա դառնալ օգտատերերի՝ պրոֆեսիոնալների և պարզապես հետաքրքրված մարդկանց շրջանակում: Այդ քննարկումների արդյունքը եղավ նաև այն, որ նախքան հայտերի ընդունման ժամկետի ավարտը մեծ աղմուկ բարձրացավ Braind ընկերության ներկայացրած Smiling City of Yerevan կարգախոսով տարբերանշանի շուրջ: Այն, ըստ շատերի, «թխած էր», ընդ որում՝ ոչ ավելի, ոչ պակաս հարևան Բաքվի զբոսաշրջային տարբերանշանից (ավելի ճիշտ, դրա ոչ պաշտոնական տարբերակներից մեկից), որը հրապարակվել էր համացանցում մի քանի ամիս ավելի վաղ, քան հայաստանյան ստուդիայի տարբերակը: Քննադատվում էր նաև այն փաստը, որ տարբերանշանի «ժպիտում» ներառված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոթողը: Braind-ի արձագանքը շատ չուշացավ. իր ֆեյսբուքյան էջում ընկերությունը հրապարակեց բազմաթիվ նմանատիպ տարբերանշանների դիզայններ և հետևյալ տեքստը. «Դիզայնի բնագավառում շատ հաճախ են պատահում նման դեպքեր, որոնք զարմանք են առաջաց-նում և տարաբնույթ խոսակցությունների պատճառ դառնում: Քաղաքի տարբերանշանի գաղափարը վերցրել ենք նախկին աշխատանքներից, որոնք հիմնված են եղել մարքեթինգային հետազոտությունների և դիտարկումների վրա: Մտածել, թե այն վերցված է Ադրբեջանի տարբերանշանի հայեցակարգից, չափից ավելի անլուրջ է և մեկնաբանման կարիք չունի: Ուղղակի իրոք տհաճ զուգադիպություն է: Ավելի հիմնավոր փաստարկներ բերել չենք կարող, որովհետև նմանություններն իսկապես ակնհայտ են: Ենթադրությունները թողնում ենք ձեզ: Մնացածը վստահության հարց է»: Ընկերությանը, այդուհանդերձ, չվստահեցին, և Braind-ի ժպտացող տարբերակը հավակնորդների թվում չհայտնվեց:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով